Բլոգ

Երբ է պետք դիմել լոգոպեդին

 Երեխաների ծնունդը բոլորիս համար երկար սպասված և հեքիաթային իրադարձություն է: Երեխաների հետ մենք կապում ենք կյանքի ամենալուսավոր հույսերը և երազանքները:Նրանց խնամքը մեծ պատասխանատվություն,սեր,ջանքեր և ժամանակ է պահանջում և որքան տեղեկացված լինենք մեր հրաշքների  խոսքի և մյուս բարձրագույն հոգեկան գործընթացների բնականոն զարգացման փուլերից ,այնքան ավելի երջանիկ  ու 

անհոգ կլինենք միասին:                                                                                                                                                                 

            Հաճախ ,ծնողները, նկատելով իրենց երեխայի խոսքում որևէ խնդիր,մտածում են,որ ժամանակի հետ դա կանցնի,երեխան կսկսի խոսել,ինքնուրույն կշտկի իր խոսքը,սակայն ժամանակն անցնում է ,իսկ երեխայի խոսքը չի շտկվում:Երեխայի խոսքի խանգարումները շտկելու կամ այդ ուղղությամբ անհրաժեշտ խորհուրդներ ստանալու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել լոգոպեդի օգնությանը:

Լոգոպեդի պետք է դիմել,եթե`

  1. 1,5 տարեկանում երեխան չի ասում օրինակ` <<մամա,պապա,տատա,հաֆ-հաֆ>> և նման բառեր:
  2. Մինչև 2,5-3 տարեկանը չի խոսում,սակայն հասկանում է իրեն ուղղված խոսքը կամ` չի հասկանում:
  3. Երեխայի խոսքը չի զարգանում.այսինքն 4 տարեկանում խոսքն այնպիսին է, ինչպես 3 տարեկանում էր:
  4. 4-5 տարեկանում երեխան սխալ է արտաբերում մի քանի հնչյուն:5 տարեկանում երեխայի խոսքում չպետք է լինեն շատ աղավաղված բառեր,բառերում` վանկերի տեղափոխումներ:
  5. Նախադպրոցական տարիքում երեխան դեռ չի կարողանում խոսել երկար նախադասություններով,որևէ պատմություն պատմել,հարցերին տալիս է պարզ պատասխաններ:
  6. Երեխան կակազում է:
  7. Երեխայի խոսքն ունի ռնգային երանգ:
  8. Երեխան դժվարություններ ունի ընթերցելիս կամ գրելիս (տառերը գրում է հայելային,բառերում վանկային տեղափոխություններ է կատարում և այլն):
  9. Լոգոպեդի պետք է դիմել նաև հետևյալ ախտանիշները նկատելու դեպքում`
  • Բացակայում է  երեխայի աչքի կոնտակտը
  • Երեխան նախընտրում է մենակությունը
  • Անիմաստ կրկնում է ուրիշի խոսքը
  • Ունի շփման դժվարություններ,սահմանափակ հետաքրքրություններ և կրկնողական վարքագիծ
  • Կառչում է նույնությունից
  • Առարկաները,խաղալիքները օգտագործում է ոչ նպատակային
  • Խուսափում է հպումից
  • Հույզերը դրսևորում է ոչ տեղին
  • Դժվարանում է պահանջների և ցանկությունների արտահայտման մեջ
  • Զգայական,տեսողական,լսողական խթանների նկատմամբ ունի գերզգայունություն կամ հակառակը
  • Բացակայում է իրական վտանգի զգացողությունը
  • Ոչ ադեկվատ զգայունակության աստիճան ցավի նկատմամբ

Նյութը պատրաստված է լոգոպեդ Անի Գևորգյանի կողմից