Դեռևս կյանքի առաջին ամիսներից անհրաժեշտ է զարգացնել հիշողությունը։ Հիշողության զարգացումը նույնպես տեղի է ունենում գործունեության ընթացքում։ Երեխան վաղ է ճանաչում ծնողներին, վերհիշում է ծանոթ առարկաները, նախկինում տեսածը վերարտադրում է իր խաղերում։ Առարկաների հետ կատարվող տարբեր գործողություններն օգնում են շրջապատի հետ կայուն կապերի ստեղծմանը։ Դա էլ հենց նպաստում է մտապահմանը։ Երեխայի հիշողությունը անհրաժեշտ է զարգացնել վարժությունների միջոցով։
Հիշողությունը իմացական գործընթաց է, որը կազմված է երեք հիմնական փուլերից: Առաջին փուլում ուղեղը «ամրագրում է» զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիան, երկրորդ փուլում հիշում է այն, իսկ երրորդում՝ արդեն վերարտադրում:
Բոլոր փուլերը միմյանց հետ փոխհամաձայնեցված և փոխկապակցված են: Սակայն երեխաների մոտ այդ փոխհամաձայնեցվածությունը զարգանում է աստիճանաբար, ուստի այդ գործընթացն արագացնելու և դրական շարժին նպաստելու համարա անհրաժեշտ են հիշողությունը մարզող խաղ- վարժանքներ:
Հիշողությունը զարգացնող և մարզող խաղ-վարժանքները ուղղված են զարգացնելու երեխայի զգայական՝ լսողական, տեսողական, շարժողական հիշողությունները:
- Լսողական հիշողության զարգացման համար աշխատում ենք երեխայի համար որքան հնարավոր է շատ , երգել, հեքիաթներ ու հանգավորված բանաստեղծություններ կարդալ։ Վաղ մանկության տարիքից դրանք լսելով երեխան սովորում է վերարտադրել ։ Լսողական հիշողությունը զարգացնող խաղ- վարժանք է նաև “Ով շատ կհիշի” խաղը՝ անվանում ենք տարբեր բառեր/հիմնականում իրեն ծանոթ/, իսկ հետո առաջարկում ենք երեխային հիշել և անվանել իր լսած բառերը:
- Տեսողական հիշողության զարգացման համար կարելի է այսպիսի խաղ խաղալ. երեխայի առջև մի քանի տարբեր ձևերի առարկաներ դնել, անվանել դրանք։ Երեխան դրանք ուշադիր նայելուց հետո պետք է շրջվի կամ փակի աչքերը, այդ ընթացքում թաքցնում ենք իրերից մեկը կամ երկուսը, իսկ երեխան գուշակում է, թե որ առարկան չկա: Ավելի հետաքրքիր և խաղային դարձնելու համար առաջարկում ենք երեխային փոխվել դերերով և այս անգամ ինքն է թաքցնում, իսկ խմբավարը գուշակում է:
- Շարժողական հիշողության զարգացման համար երեխային առաջարկում ենք մեծահասակի հետևից կրկնել տարբեր շարժումներ, վարժություններ: Թվում է, թե հեշտ վարժություն է, սակայն միանգամից բոլոր շարժումները կրկնելը չի ստացվի: Մի քանի շաբաթ մարզանք, և երեխան արդեն կկարողանա կատարել առաջադրանքը:
- Զգայական հիշողությունը զարգացնելու համար երեխային կարելի է ցույց տալ տարբեր նյութերից պատրաստված առարկաներ: Երեխան պետք է շոշափի այդ առարկաները, անվանի դրանք, իսկ հետո փորձի փակ աչքերով շոշափել և անվանել պարկում գտնվող առարկաները:
Նյութը պատրաստեց մանկավարժ Նելլի Մուրադյանը