Blog

Տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների ուղեղի, նյարդայն համակարգի և քնի ֆունկցիայի վրա

Տեխնոլոգիաները հնարավորությունների մեծ աշխարհ են բացել մարդկության առջև, միառժամանակ պարունակելով դեռսև ամբողջովին չգնահատված ռիսկեր:  Որպեսզի ամբողջությամբ հասկանանք երեխաների կյանքում տեխնոլոգիաների ազդեցության բոլոր կողմերը, անհրաժեշտ է  խորությամբ ուսումնասիրել կողմ և դեմ փաստարկները, և ապա հասկանալ  թե ինչպես տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ մեր որոշումները կազդեն այսօրվա երեխաների զարգացման և ապագայի վրա: 

«տեխնոլոգիաներ, համացանց, էկրաններ»  եզրույթներն այստեղ օգտագործում ենք ընդհանրացված իմաստով, որպես՝ «համացանցի օգտագործում տարբեր նպատակներով, սմարթ հեռախոսներ, պլանշետներ, հեռուստացույցեր և այլ նման էլեկտրոնային կցորդներ ինչպես նաև և դրանց թվային բովանդակություն»։

Եկեք քննարկենք տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների հոգեֆիզիոլոգիայի վրա և պարզենք, թե ինչ հետևանքներ ակնկալել այդ ազդեցությունից: 

Տեխնոլոգիաների չարաշահման վարքագծի ձևավորման ռիսկը վերջերին տասնամյակում դիտարկվում է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական մոդելների բազմագործոն տեսանկյունից, որոնցից մի քանիսին՝ ուղեղի, նյարդային համակարգի և քնի ֆունկցիայի վրա ազդեցություններին  կփորձենք անդրադառնալ:   

Բազմաթիվ հետազոտություններ նվիրված են տեխնոլոգիաների կիրառմանը և քնի խանգարումներին։ Քունը նորածնի գերիշխող գործունեությունն է և կարևոր դեր է խաղում նեյրոզարգացման և ուղեղի սինապտիկ ճկունության մեջ: Ինչպես ուղեղը, այնպես էլ քնի ձևերը կյանքի առաջին տարիների ընթացքում էական փոփոխությունների են ենթարկվում: Հաշվի առնելով, որ նյարդային պլաստիկությունն առավելագույնի է հասնում վաղ մանկության և դեռահասության շրջանում, այս կարևոր ժամանակահատվածում քունը առավելագույն ազդեցությունն ունի ուղեղի և ճանաչողության վրա: 

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (AAP) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ուղեցույցները առաջարկում են օպտիմալ առողջությունը խթանելու համար երեխաների քնի տևողության անհրաժեշտ շեմը, որտեղ մասնավորապես նշվում է, որ 1-ից 2 տարեկան երեխաները պետք է կանոնավոր կերպով քնեն 11-ից 14 ժամ 24 ժամվա ընթացքում (ներառյալ ցերեկվա քունը), 3-ից 5 տարեկան երեխաները՝ 10-ից - 13 ժամ, 6-ից 12 տարեկանները՝ 9-ից 12 ժամ /մեր կողմից ներկայացված են միջինացված թվեր/: 

Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ երեխաների 20-30% -ը քնի հետ խնդիրներ է ունենում: Անբավարար քնի արտաքին գործոններից մեկը թվային տեխնոլոգիաներն են՝ հեռուստատեսությունը և տեսախաղերը: Բազմաթիվ ուսումնասիրություններ կապում են էկրանի ավելացված ժամանակը քնի ընդհանուր ժամանակի նվազման և ուշ քնի հետ, ինչը հանգեցնում է իմացական, վարքային, սոմատիկ և այլ խնդիրների: 

Բալթիմորի Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները նշում են, որ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում երկու ժամից ավել հեռուստացույց դիտելը հանգեցնում է վարքային խանգարումների: Նույն հետազոտությունը ննջարանում հեռուստացույցի առկայությունը անմիջականորեն կապում է քնի դեպրիվացիայի և հուզական ռեակտիվության անկման, սոցիալական հմտությունների ցածր մակարդակի հետ: 

Մեծ Բրիտանիայի  0–36 ամսեկան 715 երեխաների հետազոտության տվյալները ցույց են տվել էկրանների և այլ տեխնոլոգիաների օգտագործման հաճախականության և քնի տևողության ու ձևի միջև կայուն կապ։ Ապացուցվել է, որ կրճատվել է քնի ընդհանուր տևողությունը՝ գիշերային ժամի նվազեցված տևողությամբ և ցերեկային քնի ավելացումով, երկարել է նաև բուն քնին նախորդող ժամանակահատվածը: Ննջասենյակում ցանկացած էլեկտրոնային սարքի առկայությունը կապված է գիշերային քնի դեպրիվացիայի հետ, որը, մասամբ, պայմանավորված է մելատոնինի ճնշմամբ։ 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների քնի որակի վրա էականորեն ազգում է ննջասենյակում հեռուստացույցի առկայությունը, դիտման տևողությունը և օրվա ընտրված հատվածը։ Մասնավորապես, Էական ազդեցություն ունի երեկոյան ժամին հեռուստացույց դիտելը, քանի որ էկրանի կապույտ լույսն ազդում է օրգանիզմում մելատոնինի արտադրության և քնի շրջանային ռիթմի վրա (circadian rhythm):

Թել Ավիվի Ատոմային բժշկության կենտրոնի հետազոտողները գնահատել են ուղեղի իմիջինգի, բուժման և գենետիկայի չափորոշիչներով պայմանավորված քսանինը հետազոտություններ։ Վերլուծելով ինտերնետի և տեսախաղերի կախվածությունը, դրանց բուժման և գենետիկ գործոնները, գլխուղեղի իմիջինգ ներառող քսանինը հետազոտություն, մասնագետները եկել են այն եզրակացության, որ վարքային կախվածության՝ ինտերնետ և վիդեոխաղեր, հիմքում ընկած հոգեբանական մեխանիզմները և թմրանյութերից կախվածության առաջացման հիմքերը նույնն են: 

Այսպիսով՝ հանգստի վիճակում ուղեղի սքրինինգի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարատև ինտերնետային խաղն ազդել է ուղեղի պարգևատրման (reward), իմպուլսային հսկողության և սենսոմոտոր համակարգի համար պատասխանատու հատվածների վրա: Ուղեղի ակտիվացման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիդեոխաղերը վերոնշյալ հատվածների կորուստի կամ փոփոխությունների են հանգեցնում։ Հետազոտությունը նշում է նաև, որ տեսախաղերի պատկերով նկարները ակտիվացրել են ուղեղի նույն շրջանները, որոնք ակտիվանում են  թմրամիջոցների ազդեցությամբ: Ավելին, տեսախաղերը ասոցացվել են դոպամինի արտազատման հետ, որը նման է թմրանյութերի չարաշահման մեխանիզմին։ Այս բնագավառում ուսումնասիրություններ են կատարել նաև ռուս հոգեբուժներ Պերեժոգինն ու Վոստրոկնուտովը, Զալմունինը և Մենդելևիչը․ նրանք նույնպես շեշտում են ինտերնետային ու համակարգչային խաղերի կախվածության նմանությունը թմրամիջոցների կախվածության հետ:

Եվրոպացի գիտնականների մեկ այլ խմբի 2012թ սկսած լայնածավալ հետազոտությունները նշում են տեսախաղերի ազդեցությունը դոֆամին հորմոնի վրա, և դրանք համեմատում են քիմիական կախվածությունների մեխանիզմների հետ։

Դոպամինը պարունակում է նեյրոտրանսմիտերների բոլոր ֆիզիոլոգիական գործառույթները և հանդիսանում է կատեխոլամինների ընտանիքի մի մաս: Դոպամինն ուղեղում ունի հետևյալ գործառույթները. կամածին շարժումների կարգավորում, հաճույքի կենտրոնի կարգավորումը, հորմոնալ կարգավորումը և հիպերտոնիայի կարգավորումը 

Ինչպես քիմիական կախվածություն առաջացնող թմրամիջոցները, համակարգչի երկարաժամկետ կիրառումը, համակարգչային խաղերը, առցանց և օֆլայն ինտերակտիվ խաղերը կամ պարզապես ընկերների հետ չաթերը խթանում են ուղեղի պարգևատրման համակարգերը և բարձրացնում  դոֆամինի արտազատումը՝ մարդուն պարգևելով էյֆորիայի զգացողություն։ Բինար տեղայնացված ռեգրեսիայի վերլուծության հետազոտությունը ցույց է տվել, որ դոֆամինի արտազատման մակարդակը և ինտերնետում անցկացրած ժամանակահատվածը շաբաթական կտրվածքով կարևոր փոփոխականներ են, որոնք նպաստում են ինտերնետային կախվածության առաջացմանը։ Նման հետազոտությունները հաստատում են դոպամինի կարևոր դերը ինտերնետային կախվածության ձևավորման մեջ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Եւ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Այս թեման լիարժեք հասկանալու և տեխնոլոգիաների իրական գիտական և վավեր ազդեցությունը երեխաների վրա գտնելու համար դեռ անհրաժեշտ է առաջիկա տարիներում շարունակել դիտարկել զանազան տեխնոլոգիաների ազդեցության ենթարկված երեխաների զարգացման փուլերը և բազմակի տիրույթները: 

Եվ այսպես, ինչ՞ անել, ինչպե՞ս նվազեցնել տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը երեխաների վրա։

Այլևս անհնար է պատկերացնել 21-րդ դարի գիտական և տեխնիկական առաջընթացն առանց ժամանակակից տեխնոլոգիների, դրանք վաղուց արդեն դարձել են յուրաքանչյուր ընտանիքի առօրյայի անբաժան մասը։ Տեխնոլոգիաներն օրըստօրէ կենսական հմտություն են դառնում արագ զարգացող գլոբալ աշխարհում։ Այսօր աշխատաշուկայում տեխնոլոգիաներն ավելի շատ անհրաժեշտություն են, քան շքեղություն:

Ամբողջովին կտրել երեխաներին տեխնոլոգիաներից անիրատեսական է և ինիմաստ: Սա կպահանջի ընտանիքի բոլոր անդամների անհավանական ճիգեր և կենսակերպի հսկայական փոփոխություն։ Արդյո՞ք պատրաստ են դրան մեծահասակները՝ ծնողները և ծնողների ծնողները, ովքեր այսօր ավելի քան երբևէ քսանչորս ժամ շրջապատված են տեխնոլոգիաներով: Հոգեբանական տեսանկյունից հենց տեխնոլոգիաները չեն, որ խնդիր են առաջացնում։ Ավելին, դրանք նպատակային և չափավոր օգտագործելու դեպքում ստանում ենք մեծագույն առավելություններ, երեխայի կյանքում մտցնում դրական փոփոխություններ: 

Որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց կյանքում առողջ կերպով օգտագործել տեխնոլոգիաները և վայելել դրանց առավելությունները, անհրաժեշտ է ապահովել ծնողական վերահսկողություն: Ծնողները, ովքեր գնահատում են տեխնոլոգիաների առավելությունները և ցանկանում են, որ երեխաները քայլեն ժամանակի պահանջների համընթաց, այնուամենայնիվ, պետք է գիտակցեն, որ իրենք են սահմանում երեխաների տեխնոլոգիաների հետ առնչվելու հիմնական կանոնները, այլ ոչ թե երեխան։ Եւ իրենք են կրում պատասխանատվություն դրանց երեխայի կողմից դրանց չարաշահման համար։ 

Գոնե երեխայի վաղ տարիքում ծնողն ունի կանոններ սահմանելու, մտածված որոշումներ կայացնելու և դրական սովորույթներ ձևավորելու գերուժ։ 

Գործնական առաջարկներ, թե ինչպես կարգավորել այս հարաբերությունը 

  • Պետք է հստակ սահմանափակումներ դնել և հետևողական լինել տեխնոլոգիաների կիրառման կանոններին հետևելու հարցում։ Պետք չէ ակնկալել, որ երեխաները ինքնուրույն կհետևեն կանոններին և սահմանափակումներին։ Վաղ մանկության տարիքում և մինչև 5-6 տարեկան, իսկ այժմ արդեն ավելի ուշ, երեխաները դեռ չեն տիրպետում ինքնակարգավորման մեխանիզմներին:
  • Բացառել երեխաների սենյակում անձնական օգտագործման հեռուստացույցը, համակարգիչը և այլ տեխնալագիաներ, որոնք երեխան կօգտագործի շրջանցելով հաստատված կանոնները։ Տեխնոլոգիական սարքերը նախընտրելի է տեղադրել ընդհանուր օգտագործման սենյակներում։
  • Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ անհրաժեշտ է բացառել էկրանները․ հանգիստ և երկար քունը երեխայի նեյրոդինամիկ զարգացման գրավականներից մեկն է։ Հիշեցնենք, որ էկրանների թարթող լույսը խոչնդոտում է օրգանիզմում մելատոնինի արտադրմանը և քնի շրջանային ռիթմին։ Սա գիտակցելով՝ ծնողը պետք է խուսափի երեխայի սենյակում և ննջասենյակներում հեռուստացույց տեղադրել։
  • Տեխնոլոգիաների հետ ճիշտ հարաբերությունների հաջողության գրավականը  ընտանիքի բոլոր անդամների միջև դրական շփում հաստատելն է: Դրական հաղորդակցումը երեխայի մոտ առաջացնում է անվտանգության զգացողություն և դրական էմոցիաներ, ինչն առավելապես  նպաստում է միջուղեղային կապերի ամրացմանը։ Ուսումնասիրությունները փաստում են նաև, որ մանկիկության տարիքից բարձր երեխաներին դեպի էկան է դրդում ձանձրույթը, իրական շփման պակասը, ծնողների զբաղվածությունը։
  • Վատ սովորությունները մեր իսկ՝ ծնողներիս անհետևողական լինելու հետևանքն են։ Իսկ վատ սովորությունից դեպի կախվածություն շատ կարճ և արագ ճանապարհ է մեզ բաժանում։ Անհրաժեշտ է ձևավորել ընտանեկան դրական սովորություններ և խրախուսել երեխայի հետաքրքրությունները և մասնակից դառնալ դրանց։

Ի՞նչ անմիջական օգուտներ կարելի է ակնկալել:

Թվային սարքերից օգտվելու դադարը և ընտանիքի և հասակակիցների հետ կենդանի շփումը կնպաստի երեխաների 

  • խոսքի և հաղորդակցման հմտությունների,
  • հուզակամային ոլորտի և ինքնակառավարման մեխանիզմների ճիշտ ձևավորմանն ու զարգացմանը,
  • կապահովի բարելավված ինքնասպասարկման հմտություններ,
  • քնի կարգավորում

 մի խոսքով առողջ և երջանիկ մանկություն։