Blog

Տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների ուղեղի կառուցվածքի, խոսքի ձևավորման և խթանման վրա

Տեխնոլոգիաների կիրառումը դարձել է մարդկության առօրյայի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, մարդկանց վրա դրանց ազդեցության ռիսկի գործոնները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն: Տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել դրանց օգտագործման բոլոր կողմ և դեմ փաստարկները և ապա հասկանալ, թե ինչպես է տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ մեր որոշումները ազդելու երեխաների զարգացման  վրա: Եկեք քննարկենք տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների ուղեղի կառուցվածքի, խոսքի ձևավորման և խթանման վրա, ինչպես նաև պարզել, թե ինչ հետևանքներ ակնկալել այդ ազդեցությունից: 

«տեխնոլոգիաներ, համացանց, էկրաններ»  եզրույթներն այստեղ օգտագործում ենք ընդհանրացված իմաստով, որպես՝ «համացանցի օգտագործում տարբեր նպատակներով, սմարթ հեռախոսներ, պլանշետներ, հեռուստացույցեր և այլ նման էլեկտրոնային կցորդներ ինչպես նաև և դրանց թվային բովանդակություն»։ 

Վաղ մանկության տարիքում երեխայի ուղեղի զարգացումը պայմանավորված է նեյրոկենսաբանական հիմքերով: Ծնվելիս մարդն ունի մոտ 85 միլիարդ ուղեղի նեյրոն, որոնք ապահովում են տեղեկատվության պահպանումը և փոխանցումը: Երբ երեխան ծնվում է, ուղեղի յուրաքանչյուր բջիջ ունի շուրջ 2500 սինապսներ` կապեր, որոնք թույլ են տալիս ուղեղի բջիջների երկայնքով իմպուլսներ փոխանցել: Հաջորդ երեք տարում այդ թիվը աճում է մինչև 15,000։ Սինապտոգենեզը կամ նեյրոնների միջև կապերի ձևավորումը սկսվում է նախածննդյան շրջանում և շարունակվում տարբեր ուժգնությամբ ողջ կյանքի ընթացքում։ Թեև ուղեղի նեյրոնների մեծ մասը առկա է ծնվելիս, դրանք դեռ չեն համարվում լիովին հասուն և ամուր: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում բազմացման շրջանում են գտնվում դենդրիտները՝ նեյրոնների ճյուղավորող երկարացումները, որոնք այլ նեյրոններից տեղեկատվություն են հավաքում: Այս առատ բազմացման պատճառով երկու տարեկան անհատի մոտ մեկ նեյրոնը կարող է ունենալ հազարավոր դենդրիտներ :

Նյարդային արագ աճի այս ժամանակահատվածը կոչվում է սինապտիկ ծաղկում (blooming): Սինապսի ձևավորումը այս ընթացքում երեխայի զարգացման հիմնական գործառույթների` լսողության, խոսքի և իմացական գործընթացների համար, գերկարևոր դեր է խաղում։ այս ժամանակահատվածը փոքրիկի կյանքում դառնում է ծայրաստիճան կարևոր, ավելի բարձր մակարդակի գործառույթների զարգացման համար:

Նյարդային աճի ծաղկուն ժամանակահատվածին հաջորդում է սինապտիկ հատման ժամանակաշրջանը (pruning), երբ նյարդային կապերի քանակը կրճատվում է, դրանով իսկ չկրճատվածներն ավելի ուժեղ դարձնելով: Հետազոտողները հավատացած են, որ այս սինապտիկ կրճատման հետևանքով  ուղեղի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում՝ հնարավորություն տալով ուղեղին տիրապետել ավելի բարդ հմտությունների։ Միայն վաղ մանկության տարիքում ձեռք բերած փորձն է որոշում, թե սինապտիկ կապերից որն է պահպանվում և որը կորչում կամ մղվում հետրին շերտեր: Վերջիվերջո, դեռահասության շրջանում սինապտիկ կապերի շուրջ 40 տոկոսը կորչում է: Այսպիսով, նյարդային աճի ծաղկուն ժամանակահատվածն ընկնում է կյանքի առաջին մի քանի տարիներին, իսկ նյարդային սինապսների կրճատումը շարունակվում է մանկության և պատանեկության շրջանում ուղեղի տարբեր հատվածներում: 

Վաղուց հայտնի փաստ է, որ խոսքը և լեզվական հմտությունները ձեռք են բերվում առավելագույն հեշտությամբ կյանքի առաջին տասը տարիների ընթացքում, երբ երեխայի ուղեղի կապերը կենտրոնանում են լեզվական հմտություններ և այլ բարձրագույն իմացական կարողություններ ձեռք բերելու վրա: Անընդհատ հնչող կենդանի խոսքը հստակ նպաստում է երեխայի ուղեղի նյարդային կապերի ամրապնդմանը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ և ավելի շատ բառեր սովորել: Լեզուն կարելի է սովորել բազմաթիվ եղանակներով, ինչպիսիք են՝ առօրյա երկխոսությունը, երգերը, ռիթմիկ քառատողերը, հեքիաթի ընթերցանությունը և այլն: Տարբեր հմտությունների և կարողությունների վաղ խթանումը ամուր գրավականն է երեխայի սովորելու, շփման հմտությունների և այլ դրական կարողությունների զարգացման համար: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ երեխայի ապրումները ազդում են նրա ուղեղի աշխատանքի և նյարդային բջիջների միջև կապերի վրա՝ դրական հույզերը՝ դրականորեն, բացասականները՝ բացասականորեն: Մեծահասակների հետ դրական փոխազդեցությունը խթանում է երեխայի ուղեղը և միջուղեղային կապերը, ինչի արդյունքում սինապսները մեծանում են, իսկ գոյություն ունեցող կապերն էլ ավելի են ամրանում: Անընդհատ օգտագործվող սինապսները, դառնում են մշտական: Եթե երեխայի ուղեղը քիչ խթանում է ստանում, սինապսները չեն զարգանում, և ուղեղը ավելի քիչ կապեր է հաստատում: 

Ցինցինատիի մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնի հրապարակած նոր ուսումնասիրությունը սերտ կապ է գտել նախադպրոցական տարիքի երեխաների ուղեղի կառուցվածքային փոփոխության և Ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիայի ուղեցույցներում նշված տեխնոլագիաների կիրառման հորդորակները գերազանցելու և չարաշահելու միջև։

 Ուղեղի fMRI հետազոտությունների միջոցով ուսումնասիրությունները բացահայտում է էկրանի  օգտագործման և երեխաների ուղեղի զարգացման միջև կապը՝ հատկապես լեզվի զարգացման հատվածում, ևս մեկ անգամ հաստատելով նախադպրոցականների համար էկրանի ժամանակը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում էկրանների առջև, ունեն ուղեղի սպիտակուցային նյութերի տրակտների ցածր կառուցվածքային ամբողջականություն ուղեղի այն մասերում, որոնք մասնակցում են խոսքի և տառաճանաչության հմտությունների ձևավորմանը: Այլ հմտությունները, որոնց ձևավորման և զարգացման վրա ազդեցությունը նույնպես բացահայտվել է, ներառում են երևակայություն և իմացական այլ գործընթացներ, ինչպես նաև վարքի ինքնակարգավորման մեխանիզմներ:

Հետազոտողների նույն խումբը մեկ այլ՝ էլ ավելի հետաքրքրական ուսումնասիրություն առաջարկեց երեխաներին՝ ընկալել պատմություններ երեք տարբերակով՝ միայն լսողական, անիմացիոն և պատկերազարդ տարբերակներով։ Այս անգամ ևս արդյունքների հավաքագրման եղանակը ուղեղի fMRI պատկերների վերծանումն էր։ Արդյունքներն ապշեցուցիչ էին․ պարզվեց, որ նկարազարդ գրքի ձևաչափը օժանդակում է լեզվամտածողությանը և խրախուսում է երեխաների ակտիվ պատկերավոր երևակայության զարգացմանը, մինչդեռ անիմացիան խանգարել է նման ինտեգրմանը հօգուտ շարունակական աուդիո-վիզուալ ընկալման: Երբ ընթերցանության ընթացքում երեխաները տեսնում էին նկարազարդումներ, fMRI պատկերների վրա լեզվական ցանցի գործունեությունն ավելի ակտիվանում էր։ Ամենակարևորը` պատկերազարդ գրքի վիճակում հետազոտողները fMRI արդյունքում տեսել են, որ բոլոր ուսումնասիրվող ցանցերի միջև խոսքը ապահովող և զարգացնող կապերը աճել և ամրապնդվել են:

Վաշինգտոնի համալսարանի Երեխաների Առողջության ինստիտուտի տնօրեն Դ․ Քրիստակիսի հետազոտությունները բացահայտել են վաղ մանկության տարիքում ուղեղի ոչ նորմատիվ, ավելորդ աուդիովիզուալ խթանման և ավելի ուշ տարիքում իմացական ոլորտի նվազման և ուշադրության պակասի, վարքային գերակտիվության միջև ամուր կապը։ Լաբորատոր պայմաններում մշակված գերստիմուլյացիայի մոդելը փորձարկվել է երիտասարդ մկների վրա։ 42 օր տևողությամբ փորձերի ընթացքում յոթանասուն դեցիբել լսողական ստիմուլյացիան զուգորդվում էր տեսողական ստիմուլյացիայով՝ առավելագույնս վերստեղծելով հեռուստացույցով մուլտֆիլմ դիտելու իրականությունը։ 10 օր անց ճանաչողության և վարքի թեստերի փորձարկման արդյունքում բոլոր թեստերում գերստիմուլյացիայի ենթարկված մկները ցուցաբերել են զգալի ցածր իմացական ցուցանիշներ և գերակտիվ վարք։ Արդյունքները հուշում են, որ ուղեղի զարգացման կրիտիկական ժամանակահատվածում չափազանց, անկանոն ստիմուլյացիան, այդ թվում նաև ֆոնային հեռուստացույցը, կարող է ակնհայտ բացասական հետևանքներ ունենալ հետագայում երեխայի նեյրոկոգիտիվ ֆունկցիաների վրա։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, ինչպե՞ս վարվենք երեխաների հետ՝ խրախուսե՞նք, թե՞ արգելենք տեխնոլոգիա-երեխա կապը, անհանգստանա՞նք թե վերապահումներով մոտենանք հետազոտությունների արդյունքներին։ 

 Թերևս անմիջական և միանաշանակ պատասխան դժվար է տալ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնոլոգիանները անսահման հնարավորությունների աշխարհ են բացում կյանքի բոլոր բնագավառներում, սակայն դրանք իրենց հետ նաև մեծ ռիսկեր են առաջ բերում:

Այսպես թե այնպես, տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են և այլևս հնարավոր չէ առօրյա կյանքից տարանջատել դրանք: Ավելին, տեխնոլոգիաները շարունակելու են զարգանալ և ներխուժել կյանքի ամենաանհավանական բնագավառներ:

Այս սերունդն ունի ուղեղի անդադար գերստիմուլյացիայի վտանգ և  այնպիսի հնարավորություններ, ինչպիսին չեն ունեցել նրանց ծնողները, նրանք սնունդ ընդունելիս և և ամեն ազատ րոպե դիտում են հեռուստացույց, մանկուց օգտվում են սոցիալական ցանցերից և վայրկյանական հաղորդակցման միջոցներից, իսկ գիտությունը դեռ շարունակում է բացահայտել այս սովորույթների ազդեցության ընդհանուր և իրական  հետևանքները: 

Որպեսզի երեխաները հնարավորություն ունենան իրենց կյանքում առողջ կերպով օգտագործել տեխնոլոգիաները և վայելել դրանց առավելությունները, անհրաժեշտ է ապահովել ծնողական վերահսկողություն, ըստ այդմ՝ չափավորություն: Ծնողները, ովքեր գնահատում են տեխնոլոգիաների առավելությունները և ցանկանում են իրենց երեխաներին պատրաստել 21-րդ դարի աշխատաշուկայի և առօրյա հարմարավետության պահանջներին, պետք է հասկանան, որ, այնուամենայնիվ, իրենք են պատասխանատու երեխաների տեխնոլոգիաների հետ առնչվելու հիմնական կանոնների պահմանման համար։ 

Գոնե երեխայի վաղ տարիքում ծնողն ունի կանոններ սահմանելու, մտածված որոշումներ կայացնելու և դրական սովորույթներ ձևավորելու գերուժ։ Վաղ մանկության տարիքը այն ժամանակաշրջանն է, երբ ծնողն է միակ պատասխանատուն ու երեխա-տեխնոլոգիա հարաբերության ձևավորողը:

Գործնական առաջարկներ, թե ինչպես կարգավորել այս հարաբերությունը

  • Էկրանի հետ երեխային պետք է ծանոթացնել 2-3 տարեկան հասակում և երբեք ոչ ավելի վաղ: Կատարել գիտակցված որոշում ծնողի զբաղվածությունը կամ ազատ ժամանակը երեխայի  տեխնոլոգիաների կիրառման հաշվին ձևավորելու վերաբերյալ:
  • Անթույլատրելի է տեխնոլոգիաները օգտագործել երեխայի հետ կենդանի շփման  փոխարեն։ Վաղ տարիքում դրանք չեն նպաստում ոչ խոսքի ձևավորման կամ զարգացման, ոչ երևակայության, ոչ այլ իմացական գործընթացների զարգացմանը։
  • Անհրաժեշտ է հիշել, որ ուղեղի զարգացման համար կարևոր՝ վաղ մանկության  ժամանակահատվածում չափազանց և անկանոն ստիմուլյացիան, այդ թվում նաև ֆոնային հեռուստացույցը, կարող է ակնհայտ բացասական հետևանքներ ունենալ հետագա նեյրոկոգնիտիվ ֆունկցիաների վրա։
  • Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ անհրաժեշտ է բացառել էկրանները․ հանգիստ և երկար քունը երեխայի նեյրոդինամիկ զարգացման գրավականներից մեկն է։ Հիշեցնենք, որ էկրանների թարթող լույսը խոչնդոտում է օրգանիզմում մելատոնինի արտադրմանը և քնի շրջանային ռիթմին։ Սա գիտակցելով՝ ծնողը պետք է խուսափի երեխայի սենյակում և ննջասենյակներում հեռուստացույց տեղադրել։
  • Կարևոր է ընտրել շաբաթվա մեջ մեկ օր ընտանիքով՝ առանց տեխնոլոգիաների անցկացնելու համար։ Պետք է երեխային դարձնել այդ օրվա պլանավորման անմիջական սուբյեկտ՝ հաշվի առնելով նրա ցանկություններն ու նախասիրությունները։

 

Ի՞նչ անմիջական օգուտներ կարելի է ակնկալել:

Թվային սարքերի ընդմիջումը կնպաստի, որ երեխաները վերադառնան ավելի երևակայական խաղի, քանի որ վերադառնում է իրենց ստեղծագործական էներգիան:  Երբ երեխան չունենա անսհմանափակ հնարավորություններ տեխնոլոգիաներից օգտվելու, դուք կզարմանաք թե ինչ ստեղծագործ միտք ունի նա՝ թե ինչպես թղթին ու դատարկ տուփին նոր կյանք կտա․․․ 

Կնկատեք նաև բարելավված ֆիզիկական ինքնազգացողություն, ինքնասպասարկման հմտություններ, ինքնակառավարմար հմտություններ, խոսք, հաղորդակցություն, մի խոսքով առողջ և երջանիկ մանկություն։