Blog

Արվեստը և այլընտրանքային նկարչական մեթոդների կիրառումը

Արվեստի դերը երեխայի զարգացման գործում

Արվեստը յուրահատուկ երեւույթ է մարդու և հասարակության կյանքում: Այն հզորագույն ինքնարտահայտման միջոց է, որն իր շուրջը տեղի ունեցողը իմաստավորելու, իր տպավորությունների ու հույզերիարտահայտման և ինքնաարտահայտվելու անհրաժեշտության արդյունքն է: Յուրաքանչյուր երեխա կարիք ունի որևէ ձևով արտահայտելու իր տպավորություններն ու հույզերը, որպես այս կամ այն դրական եւ բացասական զգացմունքների կամ իրադարձությունների արդյունք ու հետևանք: Արվեստների դերը երեխայի զարգացման գործում հնարավոր չէ գերագնահատել: Եթե մենք խոսում ենք արվեստի մասին երեխայակենտրոն կրթական համակարգում, այն կարելի է համեմատել օդի հետ, որն աննկատ է, բայց կենսականորեն անհրաժեշտ երեխայի հոգեկան բարձրագույն գործընթացների և բարոյական արժեհամակարգի ձևավորման և զարգացման համար: Արվեստները արթնացնում են մարդու հոգու ամենագեղեցիկ ու նուրբ կողմերը, բարոյական ուղեցույցների մի հարուստ պաշար են տալիս ողջ կյանքի համար: Կիրառական եւ դեկորատիվ արվեստի գրեթե բոլոր տեսակները հասանելի են երեխաների համար` նկարչություն, քանդակագործություն, ուլունքագործություն, պար, այլընտրանքային ստեղծագործական միջոցներ եւ այլն: Երեխայի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է, որ նա սովորի իր մտքերի, գործողությունների եւ ներաշխարհի արտաքին դրսևորումները արտահայտել, այդ թվում նաև բացասական հույզերն ու վախերը, իր ստեղծած աշխատանքներում: Եթե երեխան չկարողանա դուրս հանել իր տպավորություններն ու հույզերը ստեղծագործական տեսքով, պատկերել նկարում իրեն պատահած իրադարձությունները եւ բարձրաձայն արտահայտել իր վերաբերմունքը որոշակի երեւույթների մասին, ապա ավելի ուշ տարիքում նա հուզականորեն ավելի անկայուն կլինի: Երեխաների զարգացման գործընթացում արվեստը կիրառվում է ոչ միայն որպես գեղեցիկի մոդել, այլ նաեւ որպես ինքնարտահայտման ձեւ: Չանտեսենք նաև այն փաստը, որ արվեստի եւ արհեստների մեծ մասը նպաստում է մարմնի խոշոր և մատների նուրբ շարժողական հմտությունների զարգացմանը, որն իր հերթին խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հիշողության, ուշադրության, կենտրոնացման և արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ այլ գործընթացների հետ: Երեխայի զարգացման ամենաակտիվ փուլում, որպես կանոն, ծնողները և մանկավարժները մեծ ուշադրություն են դարձնում գրելու, հաշվարկելու, լեզուների ուսուցման եւ ընթերցանության վրա: Արվեստը, որպես իրականության և զգայական գիտելիքի արտացոլման եւ յուրացման ձեւ, որպես մշակույթի տարր, ազդում է երեխայի ընդհանուր զարգացման վրա, օգնում է դրսևորել եւ զարգացնել նրա ստեղծագործական ունակությունները, նպաստում է սոցիալական ընդունելի բարոյական վարքի ձեւավորմանը, օգնում է երեխային սովորել մտածել այլաբանորեն։ Կարևոր է նշել նաև, որ ստեղծագործական աշխատանքը նպաստում է դրական ինքնագնահատականի եւ ինքնավստահության ձեւավորմանը, սովորեցնում է հասկանալ սեփական զգացմունքները, զարգացնում է ոչ ստանդարտ մտածելակերպը, հիշողությունը, խոսքը, ուշադրությունը: Մանկական նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական, մտավոր, ֆիզիկական փորձառության մասին։ Մանկական նկարչությունն անցնում է զարգացման իր յուրահատուկ փուլերը, որոնք համամարդկային և համընդհանուր են, իսկ այդ փուլերից շեղումները կարող են հուշել երեխայի զարգացման բնականոն ընթացքի խաթարումների մասին։ Մանկական նկարներում յուրահատուկ կերպով արտացոլվում է երեխայի հոգեբանական զարգացումը։ Օրինակ, կրտսեր նախադպրոցական տարիքում երեխաները կոնկրետ պատկերներ դեռևս չեն նկարում․ նրանք չունեն դրա համար ֆիզիկական, մտավոր համապատասխան ունակություններ։ Նրանք նկարում են պարզ, ոչ կոնկրետ պատկերներ։ Այսպես, այս տարիքում երեխաները գրեթե չեն նկարում մի քանի մարդ կամ մի քանի կենդանի մի նկարում։ Նրանց նկարները պատմում են մեկ կերպարի մասին։ Նման դրսևորումը ոչ թե երեխայի միայնության նշան է, այլ այդ տարիքին հատուկ էգոցենտրիզմի վառ դրսևորում։ Իսկ ահա կրտսեր դպրոցական տարիքից սկսած երեխան արդեն սկսում է նկարել մարդկանց խմբավորումներ, քանի որ երեխան մուտք է գործում ավելի մեծ խումբ և սովորում է համագործակցել և խմբային աշխատել։ Ստեղծագործական ունակությունները կամ ստեղծագործականությունը անձի որակի հատկանիշներն են, որոնք որոշում են տարբեր տեսակի ստեղծագործական գործունեության հաջողությունը : Նախադպրոցական տարիքը ստեղծագործական կարողությունների զարգացման համար ամենաբարենպաստ ժամանակ է, քանի որ այս տարիքի երեխաները չափազանց հետաքրքասեր են, նրանք մեծ ցանկություն ունեն ճանաչելու իրենց շրջապատող աշխարհը: Եվ մենք, խրախուսելով նրանց հետաքրքրասիրությունը, տալով երեխաներին գիտելիք, ներգրավելով նրանց տարբեր գործընթացներում, դրանով իսկ նպաստում ենք երեխաների փորձի ընդլայնմանը:

Իսկ փորձի եւ գիտելիքների կուտակումը անհրաժեշտ նախադրյալ է ստեղծագործական գործունեության համար: Շատ կարեւոր է ստեղծել երեխայի ստեղծագործական ունակությունների ձեւավորմանը նպաստող պայմաններ: Երեխային տալ ազատություն գործունեության ընտրության հարցում, շրջապատող միջավայրը պետք է լինի բազմազան, հարուստ, ոչ սովորական:

Երեխայի ստեղծագործական ունակությունները բացահայտվում են տեսողական գործունեության մեջ, ինչպես նաև երեխայի ստեղծագործականության զարգացումը պետք է լինի շարունակական գործընթաց և իրականանա առանց ընդհատումների:

Ավագ նախադպրոցական խմբում /5-6 տարեկաններ/ կիրառվում են ստեղծագործականության զարգացմանն ուղղղված տարբեր մեթոդներ և եղանակներ։

Դրանցից է այլընտրանքային նկարչությունը։ Այլընտրանքային նկարչությունը նկարչության մի ձև է, որտեղ երեխայի միտքն ու երևակայությունը սահմաններ չունի, իսկ որպես աշխատանքային գործիք կարող են օգտագործվել ամենաանսպասելի և բազմաբնույթ իրերը։ Նկարչության համար գործիք կարող է ծառայել ձեռքի տակ եղած ցանկացած իր։

Այլընտրանքային նկարչական միջոցներն ուսումնասիրելիս ներմուծել ենք մեր տարբերակները, արդյունքում կատարում ենք հրաշալի, զվարճալի աշխատանքներ։ Որպես նյութեր կիրառում ենք պատառաքաղները, սպունգ, նկարոպղւմ ենք պուչիկներով, մատիկներով, շաքարավազով, պղպջակներով, մրգերով, բանջարեղենով, տերևներով, շշերով և այլն։ Այլընտրանքային նկարչության ժամանակ ցանկացած թեմա ընտրելուց առաջ համապատասղանեցնում ենք այլ առարկաների թեմաների հետ՝ ստեղծելով միջառարկայական կապ։ Աշնան թեման քննարկելուց որպես այլընտրանքային նկարչույան նյութ ընտրում ենք գունավոր տերևները, որոնք գունավոր ներկերով ներկելով ձևավորում ենք աշնանային տեսարան, կոլաժ ստեղծելու դաստիարակում ենք գեղագիտական ճաշակ։ Մրգերի թեման քննարկելուց նկարում ենք մրգերի օգնությամբ, կատարում ենք խնձորանկարչություն։ Վերջինս կիսած խնձորի պատկերն է թղթի վրա, երբ երեխան տեսնում է, թե ինչ տեսք ունի կիսած, ներկած խնձորը թղթի վրա։ Պատի նկարչությունը նույնպես շատ զվարճալի է, երբ երեխաները վազում են գույներով լցնում ներարկիչները, հետո ներկում պատին ամրացված թուղթը։

Ակնկալվող արդյունքները ստանում ենք, երբ տեսնում ենք, զգում ենք երեխայի ոգևորությունը, աշխատանքային ուրախ մթնոլորտը, բուռն ու դրական արձագանքները։