Բլոգ

Ձեռքերի մատների մանր մոտորիկայի զարգացում

Մանր մոտորիկան՝ մատիկների շարժողական ակտիվությունը իրենից ենթադրում է նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի զարգացում՝ նպատակային, մանր, կենտրոնացված շարժումների, գործողությունների միջոցով, որոնք հիմնականում իրականացվում են ձեռքի մատների միջոցով:  Վաղուց է հայտնի, որ մարդու ուղեղում խոսքի /Բրոկի և Վերնիկեի զոնաները/ և մատների շարժման համար պատասխանատու կենտրոնները տեղակայված են իրար շատ մոտ: Իսկ գլխուղեղում տեղակայված ձեռքի ափի պրոեկցիայի մեծությունը զբաղեցնում է ողջ շարժողական պրոեկցիայի մեծ մասը: Այս փաստերի համագումարը վաղուց ապացուցել է, որ ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները խթանելիս և դրանով իսկ ուղեղի համապատասխան մասը ակտիվացնելիս շատ արագ ակտիվանում են հարակից՝ Բրոկի և Վերնիկեի տարածքները, որոնք պատասխանատու են խոսքի, հետևաբար ևւ՝ մտածողության համար: Թույլ զարգացած ընդհանուր ևւ մասնավորապես ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները հաճախ հանգեցնում են երեխաների խոսքի զարգացման խնդիրների, ինչպես նաև վաղ դպրոցական տարիքում գրելու հետ կապված դժվարությունների, իսկ առօրյայում՝ ինքնասպասարկման դժվարությունների հետ: Ձեռքերի մատների մանր մոտորիկայի հմտությունները զվարճալի խաղերի և հետաքրքիր վարժությունների միջոցով խթանելու շնորհիվ զարգանում է երեխայի երկարատև հիշողությունը, ուշադրությունը, խոսքը և տրամաբանությունը: Մատիկների նուրբ շարժողականության հմտությունների թերզարգացումը հանգեցնում է երեխաների մեծամասնության մոտ խոսքի թերզարգացման և կրտսեր դպրոցական տարիքում ընթերցանության և գրելու հետ խնդիրների։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե երեխայի խոսքը նորմալ է, դա չի նշանակում, որ երեխան լավ է կառավարում սեփական ձեռքերը: Եթե 4- 5 տարեկան հասակում երեխան կոշիկի քուղերը կապելու դժվարություններ ունի կամ ծեփամածիկով գնդակներից եւ գլանակներից բացի դժվարանում է այլ պատկերներ ստանալ, սա թերզարգացած մանր մոտորիկայի ահազանգ է: Երեխաների մատիկների նուրբ շարժողականությունն անհրաժեշտ է խթանել և զարգացնել վաղ մանկական տարիքից։ Սկսել անհրաժեշտ է մատիկների մերսումից, այսպիսով ազդելով մարմնի ակտիվ կետերի վրա։ Վաղ եւ նախադպրոցական տարիքից կատարում ենք մատիկների պարզ վարժություններ, ուղեկցելով դրանք պարզ երկտողերով և քառատողերով։

Օրինակ՝

Ակնոցներ

Ահա տեսեք ակնոցներ, ( Մատներով օղակներ սարքել) Որ դառնում են ակնոցներ, Եվ տատիկը դրանցով

Մեզ կարդում է հեքիաթներ։ (Բացել֊փակել ափերը ՝ գրքի նման) Մատիկների մարզանքից բացի, վաղ տարիքում կիրառում ենք հատուկ մշակված խաղ-վարժանքներ, որոնք նպաստում են երեխաների ինքնասպասարկման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը ՝ամրակներ, քուղեր, կոճակներ ։ Ավագ նախադպրոցական տարիքում մանր մոտորիկան զարգացնող աշխատանքները բարդանում են և հիմնականում ուղղված են ձեռքը գրելուն նախապատրաստելուն։

ՄԱՆՐ ՄՈՏՈՐԻԿԱՆ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԽԱՂԵՐ ․

Այս խաղը հարմար և օգտակար է կրտսեր նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Աշխատանքը սկսում ենք մի քանի փափուկ գունավոր թղթից՝ անձեռոցիկներից։ Երեխաները հաճույք են ստանում դրանք շոշափելով, սկսում են ձեռքերի մեջ շուռումուռ տալ ու պատառոտել։ Այս զբաղմունքը երեխաներին անասելի հաճույք է պատճառում։ պատառոտած փափուկ գնդիկներով պատրաստում ենք ուրախ ապլիկացիաներ։ Ավելի ուշ տարիքում փափուկ անձեռոցիկը փոխարինվում է աշխատանքային գունավոր թղթով։ «Հուլունքագործություն» 3-4 տարեկան հասակում երեխաներին մեծ հաճույք է պատճառում թելի վրա անց կացնել զանազան հուլունքներ, կոճակներ և այլն։ Երեխային տալիս ենք անցքեր ունեցող դետալներ և նա մայրիկի ու տատիկի համար զարդեր է պատրաստում։ Այս զբաղմունքը ոչ միայն զարգացնում է մանր մոտորիկան, այլ նաև երեխայի մոտ դաստիարակում է հանգիստ նստելու էթիկան : 

Կոնստրուկտորներ/ մոզաիկաներ

Մանր մոտորիկան զարգացնելու լավ խաղեր են կոնստրուկտորներն ու լեգոները։ ԻնդիգԱմիում ունենք միացման տարբեր սկզբունքներով կոնստրուկտորներ 

Կափարիչների պտտում

Կափարիչները պտտելու միջոցով փակելու և բացելու հասարակ զբաղմունքը զարգացնում է երեխայի մատիկների շարժունակությունը։

Ծեփ

Մանր մոտորիկան շատ լավ զարգանում է ծեփի միջոցով։ Որպես ծեփի միջոց օգտագործում ենք պլաստիլնիը, կավը, աղի խմորը, որի պատրաստմանը միջին և ավագ խմբի երեխաները հաճախ մասնակցում են։

Հատիկեղեն

Տարաչափ հատիկեղենով աշխատանքը մեծապես նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը: Հատիկեղենով ապլիկացիաներ ենք պատրաստում, ինչպես նաև խաղում ենք տակտիլ խաղեր, որնք այլ բաժնում նկարագրված են։